«Փաստ» օրաթերթը գրում է.
Ընդգծում է՝ ակնհայտ է, որ Եվրոպան ի վիճակի չէ ինքն իրեն պաշտպանել, եթե չլինի ամերիկյան պաշտպանությունը, իսկ Միացյալ Նահանգները ցույց է տալիս, որ այն կարող է նաև չլինել։ «Նաև էական փոփոխություններ ենք տեսնում Հարավ-արևել յան Ասիայում, Չինաստանը հավակնում է նոր հեգեմոնի դիրքերին, Հնդկաստանը ևս փորձում է իր դիրքերը ամրապնդել, այս պահին, որպես տարածաշրջանային հեգեմոն, բայց նաև ձգտելով դեպի ավելի գլոբալ մասնակցության համաշխարհային կարգերին։ Պատահական չէ, որ վերջերս Ադրբեջանի նախագահը հայտարարում էր, որ աշխարհում կա երկու գերտերություն՝ Միացյալ Նահանգներ և Չինաստան։ Աշխարհը միաբևեռությունից շարժվում է դեպի բազմաբևեռ կարգեր։ Կարծում եմ, որ ոչ թե երկբևեռանի, այլ բազմաբևեռ աշխարհ ենք ունենալու։ Բևեռներից մեկը կարող է լինել Ռուսաստանի Դաշնությունը և նրա շուրջ ձևավորվող ալ յանսը, մյուսը, բնականաբար, Չինաստանը, որը կարող է համագործակցել նաև Ռուսաստանի հետ։ Եվրոպական միությունը գոնե այս պահին խաղից դուրս վիճակում է հավակնությունների այս մրցավազքում։ Միացյալ Նահանգները, որպես հեգեմոն, կպահպանի իր դիրքերը, սակայն ոչ որպես միանձնյա հեգեմոն կամ համաշխարհային ժանդարմ»,-նկատում է մեր զրուցակիցը։
Ստացվում է, որ նոր իրականության մեջ շատ կազմակերպություններ կարող են փոխել իրենց հիմնական տեսքն ու անելիքները։ «Բազմաբևեռ աշխարհը կարող է ամրապնդել, օրինակ՝ եթե ոչ ՄԱԿ-ն այն տեսքով, ինչպիսին որ այն կա, ապա տրանսֆորմացված նմանատիպ կառույցի՝ անկախ նրանից, թե ինչպիսին կլինի անունը։ Կարծում եմ, որ այն կշարունակի գոյատևել՝ դառնալով նոր հարթակ, որտեղ հիմնական բևեռների առաջնորդները կամ ավանգարդում կանգնած պետությունները կկարողանան որոշակի կոնսենսուսային աշխարհակարգ ձևավորել։ Ի վերջո, աշխարհակարգ չի կարող ձևավորվել մեկ առանձին հեգեմոնի որոշմամբ։ Այն ձևավորվում է կոնսենսուսով։ Եթե հաշվի առնենք, որ միջազգային հարաբերությունները անարխիկ են և ոչ թե եռարխիկ, կարծում եմ՝ տեսանելի ապագայում հնարավոր չէ, որ միջազգային հարաբերությունները փոխեն իրենց բնույթը և դառնան եռարխիկ, ապա անարխիկ միջազգային հարաբերությունների պայմաններում միշտ անհրաժեշտություն է լինելու որոշակի կոնսենսուս ձևավորել հիմնական խաղացողների միջև, որը նաև կպրոյեկտվի մնացյալ պետությունների վրա»։
Այս՝ բավականին խառը փուլում Հայաստանը ցանկություն է հայտնում մաս կազմել, օրինակ՝ ԵՄ-ին, մի կողմ ենք դնում դրա հավանականությունը, ընդ որում՝ այդ ճանապարհին մեր երկրի իշխանությունները թուլացնում են իրենց շփումները ավանդական հարևանների ու կազմակերպությունների հետ։ Քաղաքագետն ասում է, որ նախքան վերլուծելը՝ Հայաստանի Հանրապետությունը ճի՞շտ է անում, թե՞ ոչ, պետք է հասկանալ, թե մեր երկիրն ինչպիսի՞ հնարավորություններ է ձևավորել և օբյեկտիվ իրականության մեջ ինչ կարող է անել։ «Ցավոք, վերջին՝ գոնե թե տասնամյակում Հայաստանի Հանրապետությունը չի կարողացել ձևավորել այնպիսի համակարգ, որը կլիներ դիմադրունակ և անհրաժեշտ պահին ի վիճակի կլիներ նաև հավակնություններ ներկայացնել։ Քանի որ այլևս չենք խոսում Հայաստանի Հանրապետության հավակնությունների մասին, որոնք օբյեկտիվ իրականության մեջ գոնե թե այսօրվա դրությամբ քիչ հավանական և իրատեսական են, ապա պետք է հասկանալ, թե Հայաստանի Հանրապետությունը ինչպիսի ռազմավարական տեսիլք է ձևավորել, որով պայմանավորված կարելի է դատել՝ արդյոք դրա մեջ այսօրվա քայլերը օպերատիվ, մարտավարական մակարդակներում ճի՞շտ են, թե՞ սխալ։ Կարծում եմ՝ նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում։ Պարբերաբար առիթ ունեցել եմ ասելու, որ ունենք ռեակցիոն արտաքին քաղաքականություն, որը լավագույն դեպքում վերաբերում է նրան, թե ինչպես արձագանքել այսօր առաջացած խնդիրներին և ոչ թե ռազմավարական տեսիլք գեներացնելուն։ Ունենք ցայտնոտային, ռեակցիոն արտաքին քաղաքականություն, որի ճիշտ կամ սխալ լինելը գնահատելը նույնիսկ անիմաստ է, որովհետև միջազգային հարաբերություններում հաջողում են այն պետությունները, որոնք հստակ ձևավորել են իրենց ռազմավարական տեսիլքը և գիտեն, թե ինչպիսի քայլերի հաջորդականությամբ դեպի ուր են շարժվում»,-եզրափակում է Արա Պողոսյանը։
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

