Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում (Զովունի, Նոր Հաճն, Քանաքեռավան) և Երևանի առանձին թաղամասերում արդեն տևական ժամանակ է, ինչ խմելու ջրի մատակարարումը հայտնվել է աղետալի վիճակում: Ծորակներից հոսում է դեղնավուն, տհաճ հոտով, քլորի բարձր պարունակությամբ և նույնիսկ կեղտոտ ու սև մասնիկներով լի հեղուկ, որը բացարձակապես պիտանի չէ օգտագործման համար:

Բնակիչները ահազանգում են, որ ստիպված են խմելու ջուրը գնել շշերով, քանի որ որոշ քաղաքացիների մոտ աղտոտված ջրի օգտագործումից արձանագրվել են թունավորման և ինքնազգացողության վատթարացման դեպքեր: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը նույնպես հորդորել է չօգտագործել նման որակի ջուրը:

Այս ամենի ֆոնին «Վեոլիա ջուր» ընկերության կողմից պատշաճ արձագանք կամ ժամանակին իրազեկում չի իրականացվել: Քաղաքացիների բազմաթիվ զանգերն ու ահազանգերը մնացել են անպատասխան, իսկ պաշտոնական պարզաբանումները տրվել են էական ուշացումով: Ըստ ընկերության, պատճառը Արզական-Քանաքեռ-Զովունի մայրուղային ջրատարի վրայի վթարն է, որի վերացման ուղղությամբ աշխատանքներ են տարվում:

Այս կատաստրոֆիկ իրավիճակը, որը «Վեոլիա ջրի» ղեկավարության անարդյունավետ կառավարման պատճառով տարիներ շարունակ կրկնվում է և այդպես էլ համակարգային լուծում չի ստանում, տեղի է ունենում իշխանությունների բացարձակ անգործության և անուշադրության ֆոնին։ Ակնհայտ է, որ պատկան մարմինների նման անտարբերությունն ու լռությունը բոլորովին պատահական չեն։ Արդյունքում, ընկերությունը ստացել է մի տեսակ «ինդուլգենցիա»՝ նման համակարգային քաոսի և անորակ ծառայությունների պայմաններում անարգել շարունակելու իր գործունեությունը և չարժանանալու պետական համապատասխան մարմինների խիստ գնահատականին ու պատժամիջոցներին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
ArmNews